Իշխանության գալու երազները և իրականությունը շատ դեպքերում չեն համատեղվում իրար (Video)
1in.am-ը գրում է. «Նրանք, ովքեր պայքարում են՝ ողջունում եմ, որովհետև ցանկացած պայքար իր արդյունքն ունի, առավել ևս, երբ նորից հասարակություն է հավաքվում ու նորից քննարկելու առիթ է տալիս: Բայց պայքարը չի նշանակում իշխանափոխություն: Իշխանափոխություն կատարելու համար անհրաժեշտ են բավականին լուրջ վերլուծություններ, խնդիրներ, ծրագրեր և այդ ծրագրերի և այդ գործողությունների նպատակով որևիցե ճանապարհային քարտեզ, որը մինչև այսօր չկա»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է առաջիկա ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Սահակյանը պատասխանեց. «Հայաստանի քաղաքական դաշտն արդեն իսկ իր մշակույթն ունի, դա ընդունում ենք, թե չենք ընդունում՝ համենայնդեպս, դա այն կառավարման մոդելն է, որն իրականացվել է անկախության հենց սկզբից: Նման ենթադրություններն անտեղի աշխատանք են»:
«Բոլորը ցանկանում են իշխանության գալ: Իշխանության գալու համար հստակ ծրագիր է հարկավոր, որն ընդունելի կլինի հասարակության կողմից: Եթե ընդդիմությունը կամ հասարակական տարբեր ուժեր լավ ծրագրեր ունեն, ապա առաջինը պետք է աշխատեն հասարակության հետ: Իշխանության գալու երազները և իրականությունը շատ դեպքերում չեն համատեղվում»,- հավելեց ԱԺ նախագահը:
