Իշխանության «ողջամիտ» առաջարկը. «168 Ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. «Երեկ հրապարակվել է նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Ընդհանուր առմամբ, այն այս տարվա ապրիլին հրապարակված հայեցակարգի լրամշակված տարբերակն է, որը հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, և որի հիմնական ինտրիգը, բնականաբար, վերաբերում է կառավարման համակարգին:
Երեկ հրապարակված հայեցակարգի հեղինակները՝ մանրամասն թվարկելով ու մեկնաբանելով կառավարման գործող կարգի թերություններն ու վտանգները, նշում են. «Երկրի քաղաքական ուժերի միջև անհրաժեշտ քաղաքական փոխհամաձայնության պարագայում նշված խնդիրների համարժեք լուծումներ կարող են գտնվել կառավարման խորհրդարանական համակարգի ներդրման պայմաններում, ինչն առավելապես քաղաքական ընտրության խնդիր է»: Ինտրիգը, սակայն, վերաբերում է ոչ թե կառավարման խորհրդարանական կարգին ինքնին, այլ ներդրման անհրաժեշտության ձևակերպմանը:
«Երկրի քաղաքական ուժերի միջև անհրաժեշտ քաղաքական փոխհամաձայնության պարագայում… լուծումներ կարող են գտնվել» արտահայտությունը նշանակում է, որ այդ փոխհամաձայնության բացակայության պարագայում խորհրդարանական կառավարման կարգը չի կարող ներդրվել: Ավելի պարզ ասած՝ եթե հիմնական քաղաքական ուժերը դեմ արտահայտվեն դրան, սահմանադրական փոփոխությունների նախագծում կառավարման խորհրդարանական կարգին անցումը կարող է տեղ չգտնել: Իսկ ինչո՞վ են զբաղված հիմա հիմնական քաղաքական ուժերը: Առավելապես խորհրդարանական կառավարման կարգի ներդրմանը դեմ արտահայտվելով:
Ավելին՝ սահմանադրական բարեփոխումների երեկ հրապարակված հայեցակարգը ոչ իշխանական ուժերին հնարավորություն է տալու հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ու հետագայում ավելի խիստ քննադատել սահմանադրական փոփոխությունները: Այսինքն՝ ի սկզբանե ակնհայտ է, որ հայեցակարգում նշված փոխհամաձայնությունը չի կայանալու: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ իշխանության նպատակը ոչ թե այդ փոխհամաձայնության կայացումն է, այլ ճի՛շտ հակառակը՝ այն, որ կառավարման խորհրդարանական կարգը մերժվի քաղաքական ուժերի կողմից:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում
