Իշխանությունը վերահսկողության տա՞կ է վերցնում ՀԿ-ները
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այսօր կառավարության հերթական նիստում կներկայացնի «Հասարակական կազմակերպությունների», «Հիմնադրամների» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։
Խոսքը բավականին աղմկահարույց փոփոխությունների մասին է, որ անցած տարվա վերջին փորձ արվեց անցկացնել Ազգային ժողովում, բայց հանդիպեց Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների եւ միջազգային մի շարք կազմակերպությունների հուժկու քննադատությանը։ Օրենքին ընդդիմացող կազմակերպությունները պնդում էին, որ այդ օրենքով իշխանությունները նպատակ ունեն վերահսկողության տակ վերցնել հասարակական կազմակերպությունների գործունեությունը եւ ձեռք բերել հզոր լծակներ ցանկացած պատրվակով իշխանությունների քիմքին չհամապատասխանող ՀԿ-ների գործունեությունը կասեցնելու համար:
Բացի այդ, օրենքով ՀԿ-ներին պարտադրվում էր անցնել ֆինանսական աուդիտ, որը բավականին թանկ հաճույք է եւ ոչ բոլոր ՀԿ-ները կարող են դա իրենց թույլ տալ։ Վաղը ներկայացվող փաթեթում, ըստ արդարադատության նախարարության կողմից կցված պարզաբանման. ՀԿ-ների հակափաստարկները հաշվի են առնված։ Որքանով են հաշվի առնված թերեւս պարզ կդառնա առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
