Իսրայելի կառավարությունը կցրի խորհրդարանը. Նեթանյահուն կրկին ցանկանում է վարչապետ դառնալ
Իսրայելի կառավարությունը կցրի խորհրդարանը. Նեթանյահուն կրկին ցանկանում է վարչապետ դառնալ
Հունիսի 20-ին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է խորհրդարանը մեկ շաբաթից ցրելու համաձայնության մասին։ Բենեթը համաձայնության է եկել ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ հունիսի 26-ին լուծարել Քնեսեթը (խորհրդարանը), հայտնում է The Times of Israel-ը:
Կոալիցիան կայունացնելուն ուղղված ջանքերը սպառելուց հետո Բենեթը և Լապիդը եկել են այն եզրակացության, որ օրինագիծը (խորհրդարանը ցրելու) կներկայացվի հաջորդ շաբաթ՝ Քնեսեթի հաստատմանը: Կոալիցիոն համաձայնագրով սահմանված կարգի համաձայն՝ Լապիդը կլինի Իսրայելի կառավարության ղեկավարը մինչև նոր ընտրություններ։ Խորհրդարանում ելույթի ժամանակ Բենեթը Քնեսեթի լուծարումը ճիշտ քայլ է որակել։
Իսրայելի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթի առաջիկա լուծարման մասին լուրերից հետո վստահություն է հայտնել, որ կկարողանա նոր կառավարություն ձևավորել և ղեկավարել այն:
«Ես և իմ ընկերները կստեղծենք լայն ազգային կառավարություն, որը կղեկավարեմ ես և որը հոգ կտանի բոլոր իսրայելցիների մասին՝ առանց բացառության», - ասել է Նեթանյահուն։
Քաղաքական գործիչը վստահեցրել է, որ եթե վերադառնա վարչապետի պաշտոնին, ապա իր կառավարությունը «կկրճատի հարկերը, կնվազեցնի գները և Իսրայելին կտանի դեպի ամենաբարձր ձեռքբերումներն ու հավելյալ խաղաղության համաձայնագրերը»։
Նեթանյահուն Քնեսեթի մոտալուտ լուծարման և ներկայիս վարչապետ Նաֆթալի Բենեթի հրաժարականի մասին հայտարարությունն անվանել է «հրաշալի լուր միլիոնավոր իսրայելցիների համար»: