ԻՍՐԱՅԵԼԸ ՆՇԵԼ Է, ԹԵ ԵՐԲ ԿՀԱՐՎԱԾԻ ԻՐԱՆԻՆ
Իսրայելը Իրանին ռազմական հարված հասցնելու պայման է նշել։ Ինչպես հայտնի է դարձել Axios պորտալին, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ուրանի հարստացման մակարդակը գերազանցի 60 տոկոսը։
Հրապարակումը, վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային, նշում է՝ Իսրայելը չի ցանկանում, որ «կարմիր գիծը» դառնա ուրանի 90 տոկոս հարստացման մակարդակը, քանի որ այս դեպքում Թեհրանը կարող է սկսել ուրան կուտակել հարստացման մակարդակից մի փոքր ցածր, քան պահանջվում է զենքի արտադրության համար։
«Այդ պատճառով Իսրայելը ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին ասում է, որ Իրանի կողմից 60 տոկոս մակարդակից բարձր ցանկացած քայլ կլինի այն քայլը, որը կարող է ռազմական գործողություններ հրահրել Թեհրանի միջուկային ծրագրի դեմ»,- գրում է պորտալը։
Միաժամանակ Բայդենի կառավարությունը հայտարարել է, որ նախընտրում է զերծ մնալ առճակատման սցենարից և կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը։
«Ալ Ջազիրա»-ն իր հերթին հայտնում է, որ Իսրայելն ԱՄՆ-ից օդային լիցքավորման սարքավորում է խնդրել։ Իսրայելին անհրաժեշտ է նաև 4 լիցքավորող օդային միջոցներ՝ Իրանի վրա հնարավոր հարձակման համար։