«Ջերմուկ գրուպ», «Նաիրի» ԲԿ, «Քեթրին գրուպ»…200 խոշոր ընկերություններ աուդիտի բացասական եզրակացություն են ստացել
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է խոշոր ձեռնարկություններում աուդիտի լրացված տեղեկությունները: Համաձայն հրապարակման` խոշոր մի քանի ընկերություններ ստացել են աուդիտի բացասական եզրակացություն` «Ջերմուկ գրուպ», «Արսօյլ», «Ա և Գ», «Լուսաստղ Շուգար», Երևանի պետական մանկավարժական համալարան, «Նաիրի» բժշկական կենտրոն, «Քեթրին գրուպ», Արարատի կոնյակի գործարան:
Ի դեպ, հիշեցնենք, որ նոր կանոնակարգով` բոլոր այն ընկերությունները, որոնք ստացել են աուդիտի բացասական եզրակացություն, չեն կարող մասնակցել պետական գնումներին, բացառությամբ մենաշնորհ ունեցող ընկերությունների:
Օրինակ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ստացել է աուդիտի բացասական եզրակացություն, բայց պետությունն այլընտրանք չունի` ուրիշից հոսանք գնելու: Բայց մյուս ընկերությունները, օրինակ` Արարատի կոնյակի գործարանը կամ «Ջերմուկ գրուպ»-ը գնումներին կարող են մասնակցել միայն խնդիրները վերացնելուց հետո
: Ընդհանրապես, անկախ աուդիտը բացասական եզրակացություն է տվել մոտավորապես 200 խոշոր ընկերությունների: Հետաքրքիր է նաև, որ «Երևանի ավտոբուս» ընկերության, «Միկա քորփորեյշն»-ի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆինանսական գործունեության վերաբերյալ աուդիտը հրաժարվել է ընդհանրապես եզրակացություն հայտնել, ինչը կարող է նշանակել, որ չարաշահումներն այստեղ կարող են խոշոր չափերի լինել, կամ տվյալ ընկերությունները սնանկացման ճանապարհին են:
Ուշագրավ մի փաստ ևս` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը հեռացվում է աշխատանքից մոտավորապես այն ժամանակ, երբ թատրոնը հայտնվում է ֆինանսների նախարարության սև ցուցակում:
