Ջիգարխանյանին շտապ հոսպիտալացրել են. նա չի կարողանում քայլել . news.am
Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին ծանր վիճակում շտապ հոսպիտալացրել են: Այս մասին Dni.Ru-ին հայտնել է թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեեւան:
«Դիաբետի պատճառով նա չի կարողանում քայլել: Նրան հիվանդանոց է տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպնիկովը»,- ասել է Կորնեեւան: Բժիշկներն առայժմ զգուշանում են կանխատեսում կատարել:
Հավանաբար դերասանի առողջության վրա ազդել է վերջին շաբաթների սթրեսը եւ բազմամյա ռեժիմի խանգարումը: Նա վշտանում էր, որ երիտասարդ կնոջ հետ գժտվելու պատճառով դարձել է սկանդալային քրոնիկայի հերոսը: Դրանից զատ, Արմեն Բորիսովիչը պետք է խստագույն դիետա պահպաներ, բժիշկներն արգելել են շատ ճաշատեսակներ:
Ջիգարխանյանը հոկտեմբերին 10 օր հիվանդանոցում էր անցկացրել, եւ կնոջը թույլ չէին տալիս նրան տեսակցել: Դերասանի դուրս գրվելուց հետո նրա խնամակալն է դարձել ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, քանի որ նա մշտական խնամքի կարիք ունի: Ի դեպ, դերասանը կին եւ քույր ունի: