Կա գյուղացի, որի բերքը 100 տոկոսով փչացել է
Մայիսի 23-ին տեղացած կարկուտը ոտքի էր հանել Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչներին։ Նրանք հավաքվել էին գյուղապետարանի մոտ եւ պահանջում էին փոխհատուցել կարկուտի վնասները: «Գյուղացիներն իրենց վնասի փոխհատուցումն են պահանջում, ճիշտ բողոք է, պետք է նրանց փոխհատուցել»,- մեզ հետ զրույցում ասաց Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանը։ Նա տեղեկացրեց, որ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որն ուսումնասիրություններ է անում՝ գյուղացիների վնասի չափը պարզելու համար։ «Կա գյուղացի, որի բերքը 100 տոկոսով փչացել է, կա մարդ, որի բերքի 70 տոկոսն է վնասվել: Միանշանակ չենք կարող ասել, թե ինչքան է վնասը, բայց որ այգիներին, ցանքատարածություններին մեծ վնաս է հասցվել, դա հաստատ է»,- ասաց գյուղապետը։
Հիշեցնենք, որ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 23-ի երեկոյան Արարատի մարզի Քաղցրաշեն եւ Նարեկ գյուղերի տարածքներում կարկուտ է տեղացել: Սակայն միայն այս գյուղը չէ կարկուտից տուժել, մայիսի 18-ին տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել նաեւ Վայոց Ձորի Ռինդ գյուղին։ Գյուղապետ Հուսիկ Սահակյանն ասում է, որ այս տարի իրենց գյուղում բերք չի լինի։ «Գյուղացին բերք չի ունենա, առանց այն էլ սոցիալական ծանր պայմաններում էինք ապրում, հիմա վիճակն էլ ավելի կվատանա։ Ժողովուրդը հուսահատ վիճակում է, սպասում է տեսնի, թե պետությունն իրեն երբ եւ ինչպես ձեռք կմեկնի: Գյուղացու ամբողջ հույսն այդ բերքն էր, մարդիկ դրա վաճառքից ստացած գումարով իրենց երեխաների ուսման վարձն են տալիս, ոռոգման ջրի գումարներն են մուծում եւ պարարտանյութ գնում»,-տեղեկացրեց գյուղապետը։ Համապատասխան հանձնաժողովն ուսումնասիրել է, եւ այս պահին գյուղացիների հետ առանձին-առանձին վնասի չափն են որոշում։
«Իմ եւ գյուղացիների հաշվարկով, բոլորը միասին կրել են 250 միլիոն դրամի վնաս»,-ասաց գյուղապետը՝ տեղեկացնելով, որ կարկտահարության հետեւանքով վնասվել են 63 հա խաղողի եւ 55 հա պտղատու այգիներ, 16 հա բանջարաբոստանային եւ 166 հա հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ։
Մանրամասները կարդացեք Հրապարակ թերթի այսօրվա համարում:
