Կալանավորվել է «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» փեսան
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ոսկեվազ համայնքի 46-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել Օշական համայնքի երկու բնակչի՝ 1987 և 1993 թթ. ծնված Թովմասյան եղբայրներին:
Ոսկեվազի 46-ամյա բնակչի նկատմամբ կիրառված բռնության մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի հունվարի 24-ին. «Նաիրի» Բ/Կ-ից հայտնել են, որ «գանգուղեղային վնասվածք, կողերի կոտրվածք, գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի բնակիչ, 1972թ. ծնված Կ. Սիրեկանյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ 46-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող։
Ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Ոսկեվազի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։
Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ Օշականի բնակիչ, 1987թ. ծնված Ս.Թովմասյանը 2018 թ. հունվարի 24-ին՝ ժամը 18:00-ի սահմաներում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայով Ոսկեվազի կենտրոնական հատվածում երթևեկելիս արժանացել է Ոսկեվազի բնակիչ Կ. Սիրեկանյանի դիտողությանը, ինչի կապակցությամբ առաջացել է վիճաբանություն։ Ս.Թովմասյանը՝ եղբոր՝ 1993 թ. ծնված Ա.Թովմասյանի, հետ միասին իջել են ավտոմեքենայից և պարզաբանումներ պահանջել Կ.Սիրեկանյանից , ապա սկսել բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Այնուհետև ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ոսկեվազ-Օշական գյուղերի խաչմերուկին հարող տարածք, որտեղ շարունակել են բռնության գործադրումը՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Թովմասյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
armtimes.com-ի տեղեկություններով, Արշակունի Թովմասյանը «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանի փեսան է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե