Կան ինքնասպանության դեպքեր, որոնք երկար ժամանակ մարդու ուղեղում այսպես ասած եփվում են.Էլդա Գրին
Հայտնի քրեական հոգեբան Էլդա Գրինը, Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով հաճախակի արձանագրվող ինքնասպանության դեպքերին, կամ ինքնասպանության փորձ կատարած անձանց ` անկախ տարիքային կամ սեռային պատկանելիությունից, նկատեց.
-Կարծում եմ այսօր ինքնասպանության ամենատարածված դրդապատճառը ֆինանսական խնդիրներն են, սակայն մարդուն ինքնասպանության են մղում միաժամանակ մի քանի պատճառներ: Այսօր մարդն անզոր է, հուսահատ, օտարված հասարակությունից և հոգեբանական ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում է ինքնասպանություն գործելու մեջ: Ուստի անհրաժեշտ է ուշադիր լինել մեզ շրջապատող մարդկանց հանդեպ: Երիտասարդների շրջանում ինքնասպանության դեպքերը ավելի շատ կապված անձնական խնդիրներով` դժբախտ սիրո ելք, հուսալքություն, գործազրկություն: Ամեն դեպք ունի իր անհատականությունը, այդ իսկ պատճառով ընդհանրացնել, թե բոլոր դեպքերը կապված են վեերոհիշյալ հանգամանքների հետ ճիշտ չէ, ամեն դեպք պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի ցանկացած արձանագրված ինքնասպանության դեպք: Օրինակ, դեռահասները երբեմն ինքնասպանության են դիմում ծնողից կամ սիրած տղայից վրեժխնդիր լինեու պատճառով: Սակայն, ինչ խոսք, կան ինքնասպանության դեպքեր, որոնք երկար ժամանակ մարդու ուղեղում այսպես ասած եփվում են:
Տաթեւիկ Աբրահամյան