ԿԱՆԽՎԵԼ Է ՀՀ-ԻՑ ՌԴ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԾԽԱԽՈՏՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել տրանսպորտային միջոց, որը, տարանցման հայտարարագրով ձևակերպված, ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող: Ստացված տեղեկությունների իրականացնման նպատակով տեսազննման է ենթարկվել վերոնշյալ բեռնատարը:
«Տեսազննման արդյունքում պարզվել է, որ մաքսային մարմինների կողմից դրված ապահովման միջոցը վնասված չի եղել: Հետագա հսկողությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղարկվել է ռենտգեն զննման: Ռենտգեն հսկողությունից խախտման հատկանիշներ չհայտնաբերվելուց հետո, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար:
Արդյունքում պարզվել է, որ արկղերի գերակշիռ մասը, որոնցով տեղափոխվել են ապրանքները, հատուկ հարմարեցված են` ունեն երկհատակ, ինչը ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոց է: Զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ` տարբեր տեսակի ծխախոտներ` ընդհանուր քանակը 303 հազար 460 տուփ:
Իրավախախտման օբյեկտ համարվող ապրանքների տեսազննումից պարզվել է, որ մի մասի վրա առկա են ակցիզային դրոշմանիշներին նմանվող այլ պիտակներ, որոնք չեն համապատասխանում ՊԵԿ-ի կողմից տրամադրող ակցիզային դրոշմանիշներին, իսկ մնացած մասի վրա ընդհանրապես ակցիզային դրոշմանիշներ առկա չեն:
Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածի հատկանիշներ: «Մաքսային կարգավորման մասին» տվյալ հոդվածը սահմանում է՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով:
Դեպքի առնչությամբ նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն` հետագա ընթացքն ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: