Կապանի բնակիչը վճարել է բնակարան գնելու համար, բայց այն վաճառել են այլ անձի.ՀՔԾ
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակչուհի Ն. Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ի` աճուրդի հանված բնակարանը գնելու նպատակով վերջինիս որպես կանխավճար տվել է 900.000 ՀՀ դրամ: Բնակարանի առուվաճառքի վերջնական գործարքն իրականացնելու համար Ն. Մ.-ն ու նրա փաստաբանն իրեն խնդրել են սպասել մեկ ամիս, մինչև բնակարանի` հրապարակային աճուրդից հանելու գործընթացի ավարտը: Սակայն բնակարանը խոստացված ժամկետում աճուրդից չի հանվել, ավելին, Ն. Մ.-ն ու վերջինիս փաստաբանն այն վաճառելու պատրվակով մեկ տարվա ընթացքում իրենից մաս-մաս ստացել են վաճառքի` նախապես պայմանավորված ողջ գումարը` 2.330.000 ՀՀ դրամ: Արդյունքում բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառվել է այլ անձի, իսկ Ն. Մ.-ն ու նրա փաստաբանն իր տված գումարները հետ չեն վերադարձրել, այլ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են այն:
Այսպիսով, քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: