Կառավարությունն այսօր հրաժարական կտա, իսկ նորընտիր խորհրդարանը կգումարի առաջին նիստը
Այսօր ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստն է: Անդրանիկ նիստում նախորդ 131 պատգամավորներն իրենց տեղը կզիջեն 105 պատգամավորներին:
Քիչ անց նորընտիր Ազգային ժողովը կստանձնի իր լիազորությունները, միաժամանակ, նախորդ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետը կավարտվի հենց նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման պահին:
Առաջին նիստը կգումարվի պատգամավորների 2/3-րդ առկայության, այսինքն՝ քվորում ապահովելու պարագայում, իսկ նիստը կվարի պատգամավորներից ամենատարիքովը, տվյալ պահին՝ ՀՀԿ-ից պատգամավոր դարձած քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը, ինչից հետո նա վարման իրավունքը կտրամադրի ԱԺ նախագահին ու փոխնախագահներին:
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը՝ այսօր, հրաժարական կտա նաև կառավարությունը: Երեկ արդեն իսկ հրաժարական է ներկայացրել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը, բայց գործադիր մարմինն ամբողջությամբ հրաժարական կներկայացնի ի դեմս վարչապետի:
Բայց, ինչպես հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կրկին կառաջադրի գործող վարչապետ Կարեն Կարապետյանին: Այս մասին խոսել է նաև Կարեն Կարապետյանը՝ վերահաստատելով, որ ինքը կղեկավարի գործադիր մարմինը:
Նոր Սահմանադրության համաձայն, երբ ՀՀ գործող նախագահի լիազորությունները 2018 թ.-ին ավարտվեն, կառավարությունը նորից հրաժարական կտա և նոր կառավարությունը կձևավորվի նոր սահմանադրական կարգավորումներով։ Իսկ այս անգամ դեռ հին Սահմանադրությունն է գործում՝ նախագահը Ազգային ժողովի մեծամասնության համաձայնությամբ վարչապետ է նշանակելու, վարչապետն էլ՝ նախարարներին։
Հրաժարականից հետո 20 օրում կառավարությունը ներկայացնելու է իր ծրագիրը: Այս անգամ խորհրդարանը չի հաստատելու վարչապետի թեկնածությունը:
