Կառավարությունը 377,5 մլն դրամի արտոնություն տվեց «Հանրային հեռուստատեսությանը»
Կառավարությունն ընդունեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2020 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին որոշում: Նախագծով առաջարկվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն» ազատել 2020 թվականի գործունեության արդյունքներով բյուջեի նկատմամբ առաջացած 377, 548.9 հազար դրամ շահութաբաժնի վճարումից և այդ գումարի չափով բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով՝ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:
«ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է վերազինել ԱՍԲ-1 նկարահանման տաղավարը:
Այս նախագծի ընդունումը կնպաստի Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և նպատակների իրականացմանը, որոնք անմիջականորեն կապված են ՀՀ Կառավարության ծրագրի և ոլորտային այլ ռազմավարությունների գրեթե բոլոր ուղղությունների հետ՝ լուսաբանման և հանրայնացման իմաստով:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում սպասվում է եկամուտների նվազեցում՝ 377,548.9 հազ. դրամի չափով»,- ասված է հիմնավորման մեջ: