Կառավարությունը հավանություն տվեց ՕԵԿ առաջարկին
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունն առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին որոշում կայացրեց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ աշխատանքներ կան անելու` որոշում կայացվեց մեկ ամիս ժամկետով հետաձգել այն օրենքի կատարումը, որի համաձայն մինչև մայիսի 1-ը մի շարք ապրանքներ, այդ թվում վիտամինները, օծանելիքը, կոսմետիկ միջոցները և այլն, պետք է դրոշմապիտակավորվեն:
Նշենք, որ նախորդ երկու օրերին ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը երկու անգամ բարձրացրեց այս հարցը: Մասնավորապես խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ելույթում և պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կառավարությանն ուղղված հարցում նշեցին, որ իրենց են դիմել կոսմետիկ միջոցների վաճառքով զբաղվող մեծ քանակությամբ տնտեսվարողներ` խնդրելով հարցին լուծում տալ: Կառավարությանն ուղղված հարցում պարոն Մարգարյանը նաև առաջարկեց մեկ ամիս ժամկետով հետաձգել օրենքի կատարումը:
