Կառավարությունը փոփոխեց 2015թ. բյուջեի նախագիծը
Կառավարությունը 2015 թվականի բյուջեի նախագծում փոփոխություններ է կատարել:
Այս մասն գործադրի այսօրվա նիստում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` տեղեկացնելով, որ փոփոխությունները կատարվել են ԱԺ ընդդիմադիր ուժերի և շուրջ երկու տասնյակ պատգամավորների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:
Պավել Սաֆարյանի խոսքով՝ 367 առաջարկություններից կառավարությունն ընդունել է 45-ը, 210 առաջարկությունների վերաբերյալ դրանց հեղինակներին տրվել են պարզաբանումներ, 112 առաջարկություն մերժվել է, քանի որ կապված է եղել միլիարդավոր դրամների հետ, ինչպիսիք բյուջեում չկան:
Նոր ծրագրերով նախատեսված ծախսերի իրականացման համար կառավարությունը շուրջ 7 մլրդ դրամով ավելացրել է բյուջեի եկամտային մասը:
Արդունքում՝ ընդունվել են շուրջ 13.5 մլրդ դրամի ծախսային ծրագրեր, դրանից 900 մլն դրամը` սահմանամերձ համայնքների համար՝ պայմանավորված նոր օրենքի ընդունմամբ:
Իսկ թե որտեղի՞ց է կառավարությունը գտել անհրաժեշտ հավելյալ գումարները, ֆինանսների նախարարն այսպես պարզաբանեց. «Այս ծախսերն իրականացվելու են հետևյալ աղբյուրների հաշվին՝ 7 մլրդ դրամից 2.5 մլրդը կիրականացվի կուտակային կենսաթոշակի ավելացման արդյունքում, 5 մլրդ դրամով հարկային եկամուտները կավելանան և 500 մլն դրամ տնտեսում կլինի եվրոյի փոխարժեքի արդյունքում»:
Եվս 6 մլրդ դրամի ծախսեր էլ կառավարությունը կրճատել է այլ ծրագրերից:
Հաջորդ տարվա բյուջեի նախագծի վերջնական առաջիկա օրերին կներկայացվի ԱԺ: Ինչպես նշեց վարչաետ Հովիկ Աբրահամյանը, այն առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:
Դրա համար վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց մինչև այս աշխատանքային օրվա ավարտը բյուջեի նախագծի փոփոխությունների հետ կապված համապատասխան առաջարկներ ներկայացնել:
