Կառավարությունը շատ ավելին կարող է անել ստվերի կրճատման հաշվին, մնում է միայն ցանկանա
«Ես երբեք չեմ համագործակցել կառավարության հետ,- այսօր «Նոյյան Տապան» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով Հայաստանի տնտեսության ներկայիս իրավիճակի մասին, հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:- Ես կառավարությանն ուղարկել եմ իմ և իմ փորձագիտական խմբի աշխատանքի արդյունքները (իմ դերը տեսնում եմ որպես տնտեսագետ)` դրանով օգնելու: Համագործակցությունն այլ է. կան մարդիկ, ովքեր գրանտներ են ստանում կառավարությունից, ծրագրերում ներգրավված են ու վճարվում են, ես այդպիսի համագործակցություն չունեմ կառավարության հետ»:
Տնտեսագետի համոզմամբ, Հայաստանում հնարավոր է լրջորեն բարձրացնել և թոշակները, և աշխատավարձերը: Ըստ Թաթուլ Մանասերյանի, դա պետք է լինի ստվերային տնտեսության կրճատման հաշվին: «Շատ ավելին կարող է անել կառավարությունը,- շարունակեց նա:- Այն համեստ թվերը, որով աճում են կենսաթոշակներն ու աշխատավարձերը, մեզ համար սահման չեն: Շատ ավելին կարող են անել, ավելի որոշակի ասեմ` անպայման պետք է հասցնեն գոնե կենսաապահովման նվազագույն զամբյուղի մակարդակին… Մենք ստվերի հաշվին շատ մեծ ռեսուրսներ ունենք: Ստվերը կարող է լինել և մենաշնորհ, և գորշ տնտեսություն, երբ կրկնակի հաշվապահություն են պահում, մեկը` հարկայինի համար, մյուսը` իրենց համար, մենաշնորհները, բնականաբար, լրիվ արտոնյալ վիճակում են»: Ինչպես նշեց պարոն Մանասերյանը, կառավարությունը գիտի բոլորի տեղերը, անգամ` արևածաղիկ վաճառողների: «Շատ հանգիստ, քաղաքական լուրջ պրեսինգով կարող է և պետք է բերի դեպի հարկման դաշտ,- ասաց տնտեսագետը:- Իրենք շատ լավ ամեն ինչը գիտեն, մնում է, որ ցանկանան և անեն»:
