Կարեւոր է տնտեսական ճիշտ կառավարումը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց համայնքների խոշորացման խնդիրը եւ մատնանշեց որոշ համայնքների դժգոհությունները՝ ակնկալելով լսել գործադիրի դիրքորոշումը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ համայնքների խոշորացմանը դրական են վերաբերվում, քանի որ որոշ համայնքներում այն արդյունքներ է տվել: «Իրականում խոշորացման գործընթացը նախկինում հաճախ տեղի է ունեցել՝ ելնելով մեկ քաղաքական ուժի նպատակահարմարությունից, այսինքն՝ արհեստական բնույթ է կրել: Միեւնույն ժամանակ, համայնքների ներուժի տեսանկյունից կարեւոր է տնտեսական ճիշտ կառավարումը»,-նշեց Սուրեն Պապիկյանը:
