Կարեն Կարապետյանի աչքից վրիպե՞լ է ԴԱՀԿ պետի «պրիմիտիվ գողությունը». «Ժողովուրդ»
«Պրիմիտիվ գողության» դեմ պայքար սկսած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աչքից, կարծես թե, վրիպել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը, մասնավորապես ՀՀ գլխավոր հարկադիր կատարող ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը: Սա այն կառույցն է, որն ուղղակիորեն առնչվում է քաղաքացու հետ: և հաշվի առնելով ԴԱՀԿ-փաստաբաններ գործնական հարաբերությունները՝ կարելի է ենթադրել, թե փաստաբանների միջոցով ինչ գործառույթներ են հնարավոր իրականացնել, և ինչու է գլխավոր հարկադիր կատարողը փաստաբաններ Արամ Կարախանյանին և Վահագն Դալլաքյանին նշանակել խորհրդական, ովքեր համատեղում են աշխատանքը փաստաբանական պալատում իրենց գործունեության հետ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը հարազատ քեռուն նշանակել է ԴԱՀԿ-ի պարետ, ով համատեղության կարգով նաև իր ընտանեկան վարորդն է: Փորձեցինք ԴԱՀԿ-ում առկա իրավիճակի մասին մենաբանություն ստանալ լրատվական ծառայությունից, սակայն որևէ մեկին գտնել չհաջողվեց: Կապ հաստատեցինք խորհրդական Վահագն Դալլաքյանի հետ, ով ասաց, որ ԴԱՀԿ պետի անձնական հարցերին չի կարող պատասխանել, ինքը իրավական հարցերով խորհրդական է: Ի՞նչ է ստացվում. մի կողմից մենք խոսում ենք, որ անհրաժեշտ է դպրոցներում ծանոթ-բարեկամ մեխանիզմը քանդել, մյուս կողմից այլ համակարգերում այդ մեխանիզմը «ծաղկում» է:
Հիշեցնենք, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարը լեյտենանտից միանգամից արդարադատության փոխգնդապետ դարձավ, որպեսզի սահուն անցում կատարի ԴԱՀԿ պետի հիմնական աշխատանքին, սակայն «ԴԱՀԿ ծառայության կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի համաձայն՝ «Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել նա, ով մինչև նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում»: Հետաքրքիր է` ՀՀ ԱՆ Արփինե Հովհաննիսյանը ինչպես է բացատրում իրավիճակը. արդյո՞ք այս ամենը համակարգում ծաղկող կոռուպցիայի դրսևորումներ չեն:
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում
