Կարենի հայրը միշտ ասում էր, տղես գա տեսեք ոնց ենք ոտքի կանգնելու, ոնց ա մեզ պահելու, բայց...
Հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին երեկոյան զոհված ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանն Արարատի մարզի Մասիս քաղաքից էր: «Նոր տարվա պատրաստություն էինք տեսնում, պետք է ուտելիք ուղարկեին տնեցիք, բայց այդպես եղավ»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Կարենի հարևանուհին` տիկին Նինան: Տիկնոջ խոսքով կարենը իրենց բակում սիրված տղա է եղել.«Դպրոցում շատ լավ էր սովորում, որ բանակ էր գնում ասում էր, գնամ գամ պարտադիր ուսումս շարունակելու եմ, բայց ճակատագիրը նրա համար այլ բան էր նախապատրաստել»,-ասաց տիկինը: Կարենը պետք է մայիս ամսին բանակից զորացրվեր: Իրենից փոքր քույր ունի, դպրրոցում է սովորում: «Սովորական ընտանիք է, հայրն էր աշխատում, որդու հետ շատ մեծ հույսեր ունեին, Կարենի պապան միշտ ասում էր, տղես գա տեսեք ոնց ենք ոտքի կանգնելու, ոնցա մեզ պահելու»,-ասաց հարևանուհին:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ իրադրությունն առաջնագծում մնում է լարված: Հակառակորդը շարունակում է զենիթային կայանքներից եւ ականանետերից արկակոծման Է ենթարկել ՊԲ մարտական դիրքերը:
Հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Կարեն Արմենի Գրիգորյանը: