Կարկուտը ոչնչացրել է Առատաշենի բերք ու բարիքը․գյուղացիները անելանելի վիճակում են
«Երեկ գիշերը՝ ժամը 3-4--ը ընկած հատվածում, մեր համայնքում կարկուտ է տեղացել ու ուժեղ քամի է եղել։ Ես իհարկե չեմ կարող թվային տվյալներով հստակ նշել՝ ինչ ծավալների են եղել այդ վնասները, բայց 50 հեկտար այսպես ասած՝ հետազոտել ենք,ուստի կարող եմ նշել՝ խաղողի այգիների մոտ 50 տոկոսը կարկուտը վնասել է։ Արևմտյան կողմից կարկուտը հարվածել է, ու խաղողի այգիները վնասել։ Բանջարեղենը ևս կարկուտը ջարդել է։ Ծիրանի 23 տարեկան ծառերը հենց բնից քամին ջարդել է․ պատկերացրե՛ք՝ ինչ ուժգին քամի է եղել։ Քամին խաղողի վազերը գետնին է հավասարեցրել»,-Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Նազարյանը։
Վերջինս շեշտեց՝ կարկուտը տևել է մոտ 10 րոպե, բայց քամին երկար ժամանակ է տևել։
«Քամու պատճառով վառվել են խմելու ջրի երկու խորքային հորերի պոմպերը, և երկու պոմպ էլ ոռոգման ջրի պոմպերից է վառվել։ Խմելու ջրի այդ երկու պոմպերը միասին՝ մոտ մեկ միլիոն դրամ արժեն, իսկ ոռոգման ջրինը արդեն «Ջրային տնտեսությանն է»՝ դրանք էլ բնականաբար, թանկ կլինեն։ Ահա այդպիսի վնասներ ենք կրել։ Բարձր լարման տակ գտնվող հոսանքալարերը պոկվել, ընկել՝ գետնին։ Քիչ էր մնում, որ ցորենի արտերն այրվեին։ Էլեկտրոցանցի՝ այսինքն, մեր ներքին ցանցի վիճակն էլ է շատ վատ։ Ես նույնիսկ մտածում էի՝ ԱԻՆ պիտի զանգենք։ Ներքին ցանցի հետ կապված՝ իրոք շատ լուրջ խնդիրներ ունենք․ մարդկային կյանքերի մասին է խոսքը․ այս վիճակը հարկավոր է շտկել։ Մենք դեռևս մարզպետարանին չենք զեկուցել այս վիճակի մասին, բայց պատրաստվում ենք նամակ գրել վարչապետին էլ, մարզպետին էլ։ Հիմա որ մեր համայնք գաք, ոնց որ պատերազմ եղած լինի այստեղ»,- եզրափակեց Առատաշեն համայնքի ղեկավարի տեղակալը։

Հ.Գ
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն, ինչպես երևում է, մտադիր էլ չէ ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Իսկ ի՞նչ պետք է անի խեղճ գյուղացին, եթե նրան ոչ մի պետական կառույց սատարել չի ուզում։ Ընտրությունների ժամանակ տրվող խոստումները երբեմն արժե կատարել։ Առանց այդ էլ արտագաղթի ուղին բռնած ժողովուրդը վատթար վիճակում է։ Իսկ նման դեպքերում գյուղացու ցավը արհամարհելը, ի վերջո, հանգեցնելու է նրան, որ մարդիկ հարազատ գյուղից էլ թողնեն, հեռանան։

