Կաշառք վերցրած փոխգնդապետը ձերբակալվել է
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՊՆ N զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Պ.Մ.-ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ներկայիս պաշտոնին նշանակվելու համար որպես միջնորդ N զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մ.-ին տվել է երեք հազար ԱՄՆ դոլար գումար կաշառք` ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին փոխանցելու համար, որից հետո իրեն նշանակել են վերոնշյալ պաշտոնին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ), 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ) և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (կաշառքի միջնորդություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրը ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ` հետագա ընթացքը որոշելու համար:
Հ.Մ.-ն ձերբակալվել է, իսկ Պ.Մ. ստորագրությամբ բաց է թողնվել: