Կաթողիկոսը Պարգև սրբազանին պանակե է նվիրել
Ստեփանակերտում տեղի է ունեցել Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման արարողությունը:
Արարողությանը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է նվիրել եպիսկոպոսական պանակե (կրծքի զարդ է՝ ձվաձև մի տուփ, որի մեջ դրված են լինում սրբերի մասունքներ), իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարին՝ Սուրբ ծննդյան տեսարանով սրբապատկեր:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն արարողությունից հետո շնորհավորել է հայ ժողովրդին Մայր Տաճարի բացման առթիվ: Նա կարևորել է եկեղեցաշինության սուրբ առաքելությունը և նշել, որ հայ ժողովրդը դարեր շարունակ ապրել և այսօր էլ շարունակում է ապրել Աստծո հավատքով:

«Ես խոստացել էի տաճար կառուցել, և այն ավելի քան 12 տարի անց իրականություն դարձավ, բայց մենք դեռ անելիքներ ունենք, լրիվությամբ չենք ավարտել, պիտի տարածքներն ամբողջությամբ բարեկարգենք: Տաճարը կառուցվածքով նման է Զվարթնոցին, իսկ արտաքինից Հռիփսիմե վանքին. այն երկու վանքերի միասնությունն է»,- ասել է Արցախի թեմի առաջնորդը:
Կարդացեք նաև՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
