Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Միջկառավարական հանձնաժողովի լիագումար նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրել են փոխհամաձայնեցված արձանագրությունը:
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք ընդգծել են ՀՀ և ՌԴ միջև առևտրաշրջանառության գրեթե կրկնապատկված աճը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ է նշել նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ընդգծել առևտրատնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության բարձր մակարդակը:
Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ անցակետերում և մասնավորապես Վերին Լարսի անցակետում փոխադրումների և հսկողության ընթացակարգերի էական պարզեցումը կօգնի ապահովել մատակարարման շղթայի անխափան գործառնությունը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա գործարար կապերի ամրապնդման և երկու երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման վրա:
Փոխվարչապետը կարևոր է համարել նաև որոշ ապրանքատեսակների համար նավիգացիոն կապարակնիքների միջոցով ապրանքների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար Հայաստանի և Ռուսաստանի միջև պիլոտային ծրագրի հաջող իրականացումը:
ՀՀ փոխվարչապետը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում և դրա շրջանակներում կարևորել միջուկային բժշկության ոլորտում գործընկերությունը:
Ամփոփելով ելույթը փոխվարչապետը նշել է. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր հաստատակամ նպատակադրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում վստահելի երկխոսության հետագա ամրապնդման և Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետևողական զարգացման առկա ներուժի լիարժեք բացահայտման ուղղությամբ»: