ԿԲ-ի նախագահը կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումների պլենար նիստերին
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն, այսօր՝ հոկտեմբերի 8-ին հնգօրյա այցով մեկնում է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է Վաշինգտոնում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2013 թ. տարեկան ժողովին: ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը: Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, ԱՄՀ դրամավարկային եւ կապիտալ շուկաների դեպարտամենտի տնօրեն Կառլոս Մեդեյրոսի, ԱՄՀ/ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրենների, ինչպես նաեւ մի շարք կենտրոնական բանկերի եւ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: Արթուր Ջավադյանի այցի ընթացքում նախատեսված է հանդիպում սերտիֆիկացման ոլորտում մասնագիտացած «Բյուրո Վերիտաս» կազմակերպության հետ՝ երկկողմ գործակցության վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով (2012 թ. հունվարի 24-ին «Բյուրո Վերիտաս» հավաստագրող կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկը ISO/IEC 27001:2005 ստանդարտով հավաստագրելու մասին):
