ԿԲ-ն կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից
Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում՝ արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին:
Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ և հաստատում է իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով:
Այս մասին, մասնավորապես, ասված է Կենտրոնական բանկի այսօր տարածած հայտարարության մեջ:
«Կենտրոնական բանկն այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների:
Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան»,- հայտարարում է ԿԲ-ն:
