«Կենսաթոշակային առկա համակարգն ապագա չունի»
Կենսաթոշակային առկա համակարգը շատ հին է եւ անարդյունավետ, այդ պատճառով ոլորտին բարեփոխումներ են անհրաժեշտ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, եւ հավելեց, որ կենսաթոշակային առկա համակարգն ապագա չունի: «Մեր օրենսդրական պրակտիկան թերի է եւ հարմարեցված է կառավարությանը՝ ինչ օրենք որ վերջինս ցանկանա, միանգամից անցկացնի: Եթե մարդիկ չպայքարեն իրենց իրավունքների համար, ԱԺ մի քանի րոպեանոց պատգամավորական ելույթներն արդյունք չեն տա: անթույլատրելի է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին հանրությանը տեղեկացնել բացառապես զգայական տեսահոլովակներով»,- ասաց պատգամավորը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ տնտեսագետ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ ասաց, որ պետք է զգուշանալ բոլոր այն օրինագծերից ու որոշումներից, որտեղ առկա է «պարտադիր» բառը:
«Գրպան են ման գալիս, որ մտնեն՝ գողանան: Հետաքրքիր է՝ ինչու համակարգը պետք է վերաբերի միայն 1974 թվականից հետո ծնվածներին: Իշխանություններն իրենք էլ գիտեն, որ հանրությունը պատրաստ չէ այս համակարգի ներդրմանը»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
