KfW-ի կողմից տրվող վարկը կնպատակաուղղվի ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցմանը
Հայ-գերմանական ֆինանսական գործակցության շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև կնքվել են «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» վարկային ծրագրի երկրորդ փուլի վարկային և դրամաշնորհի պայմանագրերը:
Ինչպես տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հատկացվող 15 մլն Եվրո վարկով, ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, կվարկավորվեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունները:
Միջոցների մի մասը կուղղվի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» ներկայումս գործող ծրագրի շարունակությանը, մյուս մասը` գյուղատնտեսության ոլորտի արժեշղթաների պիլոտային ենթածրագրի ֆինանսավորմանը:
KfW բանկի կողմից հատկացվող դրամաշնորհի գումարը կազմում է 750 հազար Եվրո: Դրամաշնորհի միջոցները նախատեսված են տեխնիկական աջակցության` ծրագրի շահառուներին մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման համար:
Տեխնիկական աջակցությունն իրականացնելու է KfW կողմից մրցութային կարգով ընտրված խորհրդատվական ընկերությունը:
