KfW–ն Հայաստանին արտոնյալ վարկեր եւ դրամաշնորհներ կտրամադրի
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելն այսօր ստորագրել են ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև 2012 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստանում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ հետևյալ ծրագրերի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Համաձայնագիրը նախատեսում է՝ •Բաց ծրագիր «Հոսանքահաղորդման համակարգ» (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ) ծրագրի համար մինչև 75 մլն եվրո գումարի չափով վարկ, •«Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում, 1-ին փուլ» ծրագրի համար մինչև 18 մլն 500 հազար եվրո գումարի չափով վարկ • Գերմանա-հայկական հիմնադրամ (ԳՀՀ) «Կայուն տնտեսական զարգացում» առաջնահերթ ոլորտի ծրագրի համար մինչև 15 մլն եվրո գումարի չափով վարկ • Մինչև 750 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ «Կայուն տնտեսական զարգացում» առաջնահերթ ոլորտի ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար, •Մինչև 2 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհ «Վերականգնվող էներգակիրների աջակցություն, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար •Մինչև 1 մլն 500 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ «Համայնքային ենթակառուցվածք, 2-րդ փուլ» ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար:
