ԿԳ նախարարությունն առաջարկում է պարտադիր համարել ոչ թե 9-ամյա, այլ 12-ամյա կրթությունը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը և այն որակեց կրթական լրջագույն փոփոխություններից մեկը:
Ըստ նախագծի՝ պարտադիր կհամարվի ոչ թե 9-ամյա, այլ 12-ամյա կրթությունը:
Նախարարը նշեց, որ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների համար սահմանված է կրթական նվազագույն մակարդակ, որը հիմնական կրթության մակարդակն է, սակայն Սահմանադրությունը թույլ է տալիս պարտադիր կրթության շեմն ավելի բարձրացնել:
«Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության նոր, ավելի բարձր շեմ, այդ շեմը ձևակերպվելու է որպես 12-ամյա տիրույթում գտնվող, ընդհանուր հանրակրթական հիմնական հենքի վրա՝ լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կամ հանրակրթական ծրագրերով միջնակարգ և ավագ դպրոցներում կամ նախնական ու միջին մասնագիտական, ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտական կրթության հնարավորությամբ»,-բացատրեց նախարարը և հավելեց, որ մասնագիտական կրթությունը լինելու է անվճար:
Նա ընդգծեց, որ այս փոփոխությունը կտարածվի նրանց վրա, ովքեր հաջորդ տարի կընդունվեն իններորդ դասարան՝ հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների առկայությունը:
