Կկայանա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգը
ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ` ս. թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
Համերգին մասնակցում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղ. ղեկավար Էդ. Թոփչյան/, Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղ. ղեկավար Ռ. Մլքեյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղ. ղեկավար Ս. Հովհաննիսյան/, Երևանի պետական կամերային երգչախումբը /գեղ. ղեկավար Հ. Թոփիկյան/, Իրինա Զաքյանը /սոպրանո/, Երաժշտական դպրոցների հավաքական երգչախումբ /դիրիժորական վահանակի մոտ՝ Տ. Մանսուրյան/: Հոբելյանական համերգի ծրագրում ընդգրկված են՝ Տիգրան Մանսուրյանի չարենցյան և իսահակյանական երգչախմբային շարքերը, «Դպիր տաղ կարդալն», «Խուտուտ–մուտուտ», «Ասացվածք հոր համար», «Կինոերաժշտություն» /պոպուրի/, «Պարտիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար /3-րդ, 4-րդ մաս/, «Ես իմ անուշ Հայաստանի», «Հավատով խոստովանիմ» /հայաստանյան պրեմիերա/ սիմֆոնիկ, վոկալ և խմբերքային ստեղծագործությունները:
Երեկոյի ընթացքում անդրադարձ կկատարվի կոմպոզիտորի կինոերաժշտությանը և ֆիլմերին, կցուցադրվեն դրվագներ կոմպոզիտորի կենսագրությունից: Համերգի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը: