Կլինի աշխարհի ամենալավ տղա նախարարը, ով կզբաղվի բոլոր գործերով. Արզումանյան
Կառավարության կազմում ներքին գործերի նախարարություն վերակազմավորելու համար նախ պետք է նայել, թե ասենք ոստիկանությունը դառնո՞ւմ է մունիցիպալ, լիազորությունների ի՞նչ շրջանակ է տրվում ոստիկանությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարել է ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա խոսքով՝ եթե դա պետք է «մոնստր» նախարարություն դարձնի ոստիկանությունը, ապա իհարկե պետք չէ: «Եթե հակված ես ունենալ վատ կառավարում, դու կունենաս այդ վատ կառավարումը, անկախ՝ դրա ձևից: Հիմա մենք ունենք հրաշալի Սահմանադրություն, բայց չունենք ժողովրդավարություն, ապագայում կունենանք ևս մեկ ավելի լավ Սահմանադրություն, բայց էլի չենք ունենա ժողովրդավարություն, քանի դեռ կեղծվում են ընտրությունները, քանի դեռ երկրում կան քաղբանտարկյալներ»,-ընդգծել է Արզումանյանը:
Ինչ վերաբերում է Դիտարկմանը, թե գուցե այս փոփոխությունները պայմանավորված են կադրային սովով, պատգամավորը հեգնանքով նկատել է. «Նախարարությունների քանակը, սպասարկող կազմը, մեքենաների շքեղ թիվը մնում է նույնը: Եթե սով է, եկեք բոլորին ազատենք, թող լինի մեկ նախարար: Կլինի աշխարհի ամենալավ տղա նախարարը ու կզբաղվի բոլոր գործերով: Էլ ի՞նչ ենք անում ներքին գործերի նախարարություն, թող լինի գործերի նախարարություն, որը կզբաղվի բոլոր գործերով՝ ներքին, արտաքին: Սովն այդպես կարելի է հաղթահարել»:
Հարցին` իսկ կա՞ այդ «լավ տղա նախարարը», նա պատասխանեց. «Լավ տղերքին հարցրեք: Եթե տեսնեի՝ մաս կկազմեի»:
