Կորցրել են ցանկացած արժեք...մետաստազների պես տարածված են. կապիտանի դուստրը զգուշացնում է
«Քաղաքական շահ որսալը որոշների մոտ այնքան է խորացել, որ վերջիններս կորցրել են ցանկացած արժեք։ Այսօր քննչական կոմիտեի մոտ հավաքված որդեկորույս ծնողների մոտ էր եկել ու փորձում էր վստահություն շահել մեկը, ով ընդամենը երկու տարվա ընթացքում եղավ գրեթե բոլոր քաղաքական թիմերում, որոնցից փորձում էր մի բան պոկել։ Այդ տխրահռչակ երիտասարդը սկզբից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր, հետո` 2021 թվականին անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ հայտնվեց ՔՊ գրասենյակում ու բոլորին քարոզում էր գալիք ապագայի մասին, իսկ դե հիմա էլ ներկայանում է որպես վառ ընդիմադիր։ Չգիտեմ, թե որտեղ կհայտնի նա վաղը, բայց սարսափելին այն է, որ այս տեսակը միշտ կա ու սրանք թերեւս ամենավտանգավոր մարդիկ են, որոնք մետաստազների պես տարածված են ազնիվ ընդիմադիրների շարքերում», - գրել է 44 օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Նաիրի խոշորացված համայնքի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: