«Կոշի» գաղութի «զոն նայողը» կոլով ծեծելով սպանել է իր «ճտին». դատարանում ամեն ինչ գլխիվայր է շրջվել
Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Անդրանիկ Մկրտչայնի գործով բերված վերաքննիչ բողոքը:
Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ:
Անդրանիկ Մկրտչյանը 2008 թվականին Ռուսաստանում դատապարտվել էր 9 տարի ազատազրկման ավազակային հարձակման համար:
Տեղափոխվել է Հայաստան, 2013 թվականին պատժի չկրած մասը համաներման կիրառմամբ կրճատվել է 6 ամսով: Պատիժը կրել է «Կոշ» ՔԿՀ-ում, որտեղ, ըստ դատական ակտի, «բնակվել է ՔԿՀ-ի չորրորդ մասնաշենքի առաջին հարկում՝ որպես կացարան հարմարեցված խաղասենյակում: Այնտեղ մաքրման աշխատանքներ է կատարել նույն ՔԿՀ դատապարտյալ՝ սպանության համար դատապարտված Արտավազդ Գոհարյանը…»: Անդրանիկ Մկրտչյանը, ըստ մեղադրանքի, համոզված լինելով, որ Արտավազդ Գոհարյանն իր սենյակից գողացել է տարբեր կենցաղային պարագաներ, որպես քրեական հեղինակություն՝ տվյալ դեպքում նաև՝ «զոն նայող», Արտավազդին պատժելու նպատակով 2014 թվականի մայիսի 19-ին, ժամը 23-ից մինչև 23-ն անց 30-ն ընկած ժամանակահատվածում նույն սենյակում փայտով հարվածներ է հասցրել Գոհարյանի մարմնի տարբեր հատվածներին, նաև՝ գլխի գագաթային մասին: Գոհարյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ բաց, բութ գանգուղեղային վնասվածք: Արտավազդ Գոհարյանին տեղափոխել են ՔԿՀ բուժսպասարկման ստացիոնար բաժին, որտեղ նա ժամեր անց մահացել է:
Անդրանիկ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, որի հետևանքով տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
Ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքի համար: Նա հայտնել է, որ ՔԿՀ-ում պատիժ կրելու ժամանակ է ծանոթացել տուժող Արտավազդ Գոհարյանի հետ, ով բնակելի գոտում զբաղվել է մաքրման աշխատանքներով: Վերջինիս հետ գտնվել է նորմալ հարաբերությունների մեջ: Արտավազդը եղել է հանգիստ մարդ, նա հարգալից է վերաբերվել դատապարտյալներին ու ՔԿՀ աշխատակազմին, որևէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել, երբեք վատ արարք չի կատարել: Ինքը Գոհարյանի հետ երբեք չի վիճաբանել ու նրան չի ծեծել: Տեղյակ է եղել, որ Գոհարյանն առողջական խնդիրներ ունի, իր իմանալով՝ նա մահացել է ստամոքսի խոցը պայթելու և արյունահոսելու հետևանքով:
Գոհարյանի մահանալու գիշերն ինքը քնած է եղել իր սենյակում, նրա մահվան մասին իմացել է դատապարտյալներից: Անմիջապես գնացել է բուժմաս ու տեսել է Գոհարյանին՝ արդեն մահացած վիճակում:
Ամբաստանյալ Անդրանիկ Մկրտչյանը պնդել է, որ իր դեմ ցուցմունք տված դատապարտյալ Արայիկ Մ.-ն դատապարտյալների կողմից բնութագրվում է որպես բացասական, բանսարկու անձնավորություն: Նրա ցուցմունքները՝ իբր տեսել է՝ ինչպես է ինքը ծեծի ենթարկել Գոհարյանին ու «կոլով» հարվածել նրա գլխին, սուտ են: Արայիկ Մ.-ն զրպարտել է իրեն, քանի որ ինքը, որպես հեղինակություն ունեցող դատապարտյալ, բազմիցս թույլ տված վատ արարքների համար դիտողություններ է արել նրան, մեկ անգամ էլ ապտակել է: Ինքը «կոլ» չի ունեցել, ոչ մի դատապարտյալի, այդ թվում և՝ Արտավազդ Գոհարյանին երբեք «կոլով» չի ծեծել:
մանրամասները՝1-in.am-ում:
