Կոստանյանը փորձում է ինչ-որ բան թաքցնել.
Ժողովուրդ թերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկած միջնորդությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, փետրվարի 9-ին մուտք է եղել ՌԴ դատախազություն: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունում հրահանգված է այս տեղեկությունը, ինչպես նաեւ՝ միջնորդության բովանդակությունը, չբացահայտել: Ակնհայտ է, որ Գեւորգ Կոստանյանը փորձում է ինչ-որ բան թաքցնել: Հիշեցնենք, որ շաբաթ օրը գյումրեցիները նշեցին հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների քառասունքը: Երեկ էլ Ավետիսյանների հարազատները «գրավել» էին Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակն ու չէին ցանկանում ոչ մի տեղ հեռանալ: Նրանք պահանջում էին, որ մարզի դատախազը զանգահարի Գեւորգ Կոստանյանին եւ պարզի, թե Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարցում ինչ նորություն կա: Սակայն դատախազն այդպես էլ չզանգահարեց: «Դե, որ նորություն լինի, կասեն»,- ասաց նա:
