Կոտայքի մարզպետն ու նրա երեք տեղակալները մեկ դրամ անգամ իրենց գրպանից չեն փոխանցել Արցախին
«Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի՝ նախօրեին հրապարակած հաշվետվությունից պարզ է դառնում, որ Կոտայքի մարզի ղեկավարությունը, այնուամենայնիվ, փորձել է Արցախին օգնելու նպատակի անվան տակ գումարներ հավաքագրել՝ հետագայում դրանք սեփական նախասիրությամբ տնօրինելու նպատակով։ Այսինքն՝ եթե չլիներ «Ժողովուրդ»–ի՝ մայիսի 6-ի հրապարակումը, որը Արցախին օգնելու անվան տակ մասնավոր հիմնադրամի հաշվեհամարին գումար հավաքելու մասին Էր, ապա դժվար Է ասել, թե մարզպետարանի ղեկավարությունն ինչպես կվարվեր կուտակած միջոցների հետ։ Փաստն այն Է, որ դեռևս ապրիլի 15-ի դրությամբ վերը նշված հիմնադրամի հաշվեհամարին արդեն մուտք է եղել ավելի քան 37 միլիոն դրամ, որից 17 միլիոնը Կոտայքի մարզի ղեկավարությունը հասցրել Է ծախսել՝ Արցախին օգնություն գնելու հիմնավորմամբ։ Իսկ մնացած գումարը «քնացրել» են, և միայն «Ժողովուրդ»–ի հրապարակումից հետո, երբ աղմուկ Էր բարձրացել, Կոտայքի մարզի ղեկավարությունը փոխանցեց Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին։
«Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հրապարակած հաշվետվության արդյունքում ի հայտ եկող հաջորդ փաստն այն Է, որ այդպիսով ապացուցվում Է՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գալոյանը, նրա երեք տեղակալները և մյուս պաշտոնյաները մեկ դրամ անգամ իրենց գրպանից չեն փոխանցել Արցախին օգնելու համար։ Փոխարենը դեմ չեն եղել դպրոցականների փոխանցած 5 հազարական դրամներից հավաքված գումարների հաշվին հեղինակություն վաստակելուն, իբր Արցախին օգնել են։ Սրանք այն մարդիկ են, որոնք ունեցվածքի տեր են դարձել իրենց պաշտոնների շնորհիվ։ Իհարկե, չենք բացառում, որ այս հրապարակումից հետո նրանք, այնուամենայնիվ, մի քանի դրամ կփոխանցեն Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Ժողովուրդ թերթի այսօրվա համարում։
