Կրակոցներ Էջմիածնում. հեղինակը «Ռադար Ավիա» ՓԲԸ-ի տնօրենն է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկնության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 2-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած խուլիգանության փաստով, որի ժամանակ կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 66-ամյա Գևորգ Ղազարյանը Էջմիածին քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում կրակոցներ է արձակել:
Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են Գ. Ղազարյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են եղել, նա իրեն պատկանող «Սայգա» տիպի ինքնաձիքգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել դեպի օդ՝ խախտելով հասարակական կարգը:
Հայտնաբերվել է «Սայգա» տիպի ինքնաձիքգը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ղազարյանն աշխատում է «Ռադար Ավիա» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն, ով նաև «Որսորդների և հրաձիգների միավորում» հասարակական կազմակերպության անդամ է, իսկ կրակոցներն արձակել է թոռնուհու ծննդյան օրվա առթիվ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: