Կրթության ոլորտին հատկացումները չեն ավելանա
Կրթության ոլորտին 2015թ. բյուջեով կհատկացվի 127 մլրդ. 620 մլն. ՀՀ դրամ, որը հավասար է 2014թ. հատկացված գումարին, սա կազմում է ՀՆԱ-ի 2,65%-ը. բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Ըստ նրա, եթե 2014թ. ընթացիկ ծախսերի համար հատկացվել էր 109 մլրդ. դրամ, ապա 15-ի համար 120 մլրդ է: Փոխնախարարը նկատեց, թե կապիտալ ծախսերի գծով ունեն նվազում, նախ վարկային ծրագրերն են կրճատվել, նաև՝ դպրոցների հիմնանորոգման ծախսերը:
«Եթե կրթության զուտ ծախսերին նայենք, աճը կազմել է 11,5 մլրդ դրամ, այսինքն՝ բյուջեի հատկացման նույնը մնալը պայմանավորված է շինարարական ծախսերի փոփոխությամբ»,-ասաց նա:
Պավել Սաֆարյանը նշեց, որ հանրակրթությունը մնալու է էական գերակայություն. «Կրթության ծախսերի կազմում է 4,1 մլրդ դրամ, որը պայմանավորված է նրանով, որ հուլիսի մեկին աշխատավարձերի բարձրացում տեղի ունեցավ։ Եվ երկրորդ կարևոր գործոնն այն է, որ մենք այս տարի, ես հաճույքով եմ դա նշում, վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ ունենք հանրակրթության ծախսերի ծրագրում, որի հիմքում ընկած է աշակերտների թվի ավելացումը, շուրջ 8000-ով»,-ասաց նա:
