Կուրսանտ Բարսեղյանի սպանության գործով ապացույցները պաշտպանական կողմն արժանահավատ չի համարում
Yerkirmedia.am-ը գրում է .
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում փետրվարի 11-ին, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015 թվականի հունվարի 29-ին սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունը:
Դատավորն այսօր հրապարակել է դատաբժշկական փորձագետի եզրակացությունը: Ըստ այդմ, Բարսեղյանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, իսկ դիակի վրա հայտնաբերված տարատեսակ քերծվածքները եւ պատռվածքները եղել են կենդանության օրոք՝ մահվանից 30-ից 90 րոպե առաջ, բութ առարկաների ազդեցությամբ: Ըստ եզրակացության՝ դրանք չէին կարող պատճառվել նրա կողմից:
Ամբաստանյալների ներկայացուցիչներն արժանահավատ չհամարեցին դատաբժշկական փորձաքննութույան արդյունքները: Գնել Թեւոսյանի ներկայացուցիչ Արա Զաքարյանը միջնորդեց, որ դիակի կրկնակի դատաբժշկական փորձագիտություն իրականացվի: Սակայն դատավորը հայտարարեց, որ միջնորդությունը կարող է քննարկվել միայն ապացույցների հետազոտությունից հետո: Դատարանի որոշմամբ, հաջորդ դատական նիստին կդատակոչվի դատաբժշկական փորձագետը:
Դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքում չի հաջողվել պարզել կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվանից առաջ գրված երկտողի իսկությունը՝ գրաֆիկական նյութի սակավության պատճառով: Հրապարակվեց նաեւ դատակենսաբանական մանրաթելային փորձաքննությունների արդյունքները, որոնց համաձայն՝ չի ապացուցվում, որ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող նրա համակուրսեցիները եղել են նրա հետ նույն ննջարանում:
Մյուս ապացույցների հետազոտությունը տեղափոխվեց հաջորդ դատական նիստին, որը կկայանա փերվարի 18-ին:
