ԿԸՀ-ում որևէ առաջադրում դեռ չի եղել
Երեկվանից մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունների առաջադրումները. Մինչև 2017 թվականի փետրվարի 16-ը ԱԺ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը ԿԸՀ պետք է ներկայացնեն իրենց համամասնական և ռեյտինգային ցուցակները: ԱԺ այս ընտրությունները, առանց չափազանցելու, կարելի է համարել համապետական ամենակարևոր միջոցառումը: Քանի որ խորհրդարանական այս ընտրությունների արդյունքում է ձևավորվելու Հայաստանի առաջիկա 5 տարիների իշխանությունը, նոր Սահմանադրությամբ անցում ենք կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ այլևս չեն անցկացվելու նախագահական ընտրություններ և քաղաքացիներն ընտրելու են պատգամավորներ ՀՀ 13 ընտրատարածքներից:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ճշտել է, որ երեկվա դրությամբ որևէ առաջադրում դեռ չի եղել: Սակայն ԱԺ ընտրություններ մասնակցել պատրաստվող ուժերը մեծ հաշվով հայտնի են՝ իշխող ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը, Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվելիք դաշինքը (որի անունը դեռ հայտնի չէ), «Ելք» դաշինքը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
