Լավ է գոնե Հրանտ Բագրատյանը կա, ով տող առ տող կարդում է բյուջեի նախագիծը. Հրապարակ
Բյուջեն չեն կարդում
2015 թվականի բյուջեն շրջանառության մեջ դրվելու պահից ի վեր մենք փորձում ենք գտնել մարդկանց, ովքեր ծանոթացել են երկրի համար կենսական նշանակություն ունեցող այդ փաստաթղթին, որից կարելի է հետեւություն անել ոչ միայն այն մասին, թե հաջորդ տարի ինչպես ենք ապրելու, այլեւ եզրակացնել, թե ինչպիսին է եղել այս տարին երկրի համար եւ, մասնավորապես՝ ինչպես է աշխատել գործող կառավարությունը: Որքան էլ, թվում է, տնտեսագետի մասնագիտությունը մեզանում ամենահեղինակավորներից է, եւ մի շարք բուհեր տասնյակ տարիներ մասնագետներ են պատրաստում, ուստի, այսպես կոչված, էքսպերտների պակաս մեզանում չպետք է լինի, սակայն ցավալի պատկեր գծագրվեց: Տնտեսագետների մեծ մասը, այդ թվում՝ տնտեսագիտական բուհերի ամբիոնի վարիչներ, պրոֆեսորներ, պարզապես չէին ծանոթացել բյուջեի նախագծին: Մի մասին թերեւս հետաքրքիր չէ, մյուսներն ի վիճակի չեն, երրորդներն անում են միայն այն գործողությունները, որոնց դիմաց վարձատրվում են: Իսկ ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանն ընդհանրապես մեր լրագրողին արտառոց պատասխան էր տվել՝ խոսեցրեք Հրանտ Բագրատյանին, ես նրա ասածների տակ կստորագրեմ: Լավ է գոնե Հրանտ Բագրատյանը կա, ով տող առ տող կարդում է բյուջեի նախագիծն ու իր տեսակետը շարադրում: Բայց անտարբերությունն այս կարեւոր փաստաթղթի նկատմամբ այլ պատճառներ էլ ունի. մի մեծ մասով այն մնում է թղթի վրա, եւ տարվա ընթացքում այնքան ընթացիկ փոփոխություններ են արվում, որ այլեւս վերանում է դրա նախնական իմաստն ու նշանակությունը: Մի մասով էլ այն լոզունգային ու կոնկրետությունից հեռու կարգախոսներից է կազմված: Վերջապես, մի մեծ հատված էլ նախկին բյուջեների կրկնությունն է՝ նախորդ փաստաթղթերից թխված: Այնպես որ, չկարդացողները շատ բան չեն էլ կորցնում:
