Լևոն Արոնյանը պարտվեց նախավերջին տուրում
Ժնեւում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» երրորդ փուլի նախավերջին՝ 8-րդ տուրում, Լեւոն Արոնյանը պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն:
Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը բավականին ակտիվ սկսեց պարտիան՝ փորձելով տիրել նախաձեռնությանը: Սակայն միջնախաղում նա մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց եւ կորցրեց դիրքային առավելությունը: Սպիտակները չնայած որակի պակաս ունեին, սակայն զինվորներով սուր հակագրոհ ձեռնարկեցին եւ 36-րդ քայլից հետո ստիպեցին սեւերին կանգնեցնել ժամացույցը:
Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ 3,5 միավորով նահանջեց 14-րդ հորիզոնական: Այդպիսով, մեր շախմատիստը կորցրեց մրցանակային տեղ զբաղեցնելու վերջին հնարավորությունը:
Վաղը նախատեսված վերջին՝ 9-րդ տուրում, Լեւոն Արոնյանը կհանդիպի մրցաշարի ետնապահ Սալեհ Սալեմի հետ, որը ընդամենը երկու միավոր ունի: