Լևոն Տեր—Պետրոսյանի առաջարկածը ոչ թե ելք է, այլ փակուղի
Լևոն Տեր-Պետրոսյանը միգուցե և շատ իրատես և խորը քաղաքական գործիչ է, որի գիտելիքներն ու քաղաքական իմաստությունը իրեն թույլ են տալիս համոզիչ և գրագետ կերպով հիմնավորել իր առաջ քաշած ցանկացած տեսությունը։ Բայց մի բան է մարդկանց համոզել, որ այդ տեսությունն է միակ ճիշտւ, մեկ այլ բան է, թե այդ տեսությունը ինչ հետևանքներ կթողնի գործնականում իրացվելու դեպքում, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներին զուգահեռ, որքան էլ դրանք համոզիչ կամ գրագետ լինեն, գոյություն ունի մեկ այլ իրականություն, որը թելադրում է իր կանոները, որը գործում է այլ տեսություններով։
Լևոն Տեր—Պետրոսյանի առաջարկածը, մասնավորապես Արցախյան հիմնախնդրի առումով, ոչ թե ելք է, ինչպես ներկայացնում են նրա երկրպագուները, այլ փակուղի։ Վստահ եմ՝ առաջին նախագահը յուրաքանչյուրիցս լավ գիտի Հայոց պատմություն, ուստի լավ պետք է սերտած լինի նաև այդ պատմության տված դասերը։ Մեր պատմության ընթացքում շատ ամոթալի էջերն են եղել, վերջին թարմ դեպքերից Կարսի խայտառակ հանձնումը, Նախիջևանը կորցնելը։ Եթե այս մարդը լավ գիտի մեր պատմությունն իր սխալներով, ինչու է դրդում մեզ նույն սխալը կրկնելու՝ երկու տարբերակ կարող է լինել կամ այս մարդը շատ միամիտ է Ալիևին «ռացիոնալ» գործիչ համարելով, կամ չար դիտավորություն ունի։