Այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում: Մի շարք խախտումներ են դիտարկվել Ստեփանավանի թե՛ գազի ու բենզինի լցակայաններում, թե՛ շինանյութի առևտրի կետերում: Բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Մի քանի խախտումներ են արձանագրվել նաև Տաշիրում: Տնտեսավարողի մոտ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանը:
Հայտնաբերված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումների գործընթացը ՀՀ ողջ տարածքում:
Տեսչական մարմինն իրականացրել է նաև կասեցման աշխատանքներ: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում 24 ժամով կասեցվել է գազալցակայաններից մեկի գործունեությունը, որտեղ տեսչական մարմնի աշխատակիցների կատարած կրկնայցի ընթացքում արձանագրվել էին թերություններ՝ կապված ջերմաչափման գրանցամատյանի ու փակ աղբամանի հետ, բացակայել էին ախտահանիչ նյութերը: