Լուրջ հարցեր կան.Մենք զոհ ենք տվել, որովհետեւ մեր զինվորը երեկոյան 8-ից հետո չի տեսնում...(տեսանյութ)
Մենք լուրջ խնդիրներ ունենք Պաշտպանության նախարարության ղեկավարման որակի հետ, ինչ պատճառով էլ զոհեր ենք ունեցել: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ առաջարկելով քառօրյա պատերազմում հայկական կողմի թույլ տված սխալների քննարկման նպատակով խորհրդարան հրավիրել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին:
«Մենք անընդհատ բողոքում ենք, թե մեր զենքն 80-ական թվականների է, ռուսներն օգնում են ադրբեջանցիներին, բայց եկեք ճիշտը հասկանանք՝ այդ զենքերից չէ, որ մենք զոհեր ենք տվել: Չկա այդպիսի ստրատեգիական զենք, որի պատճառով մենք զոհ ենք տվել: Մենք զոհ ենք տվել, որովհետեւ մեր զինվորը երեկոյան 8-ից հետո չի տեսնում, չունի գիշերային սարք: Մենք զոհ ենք տվել, որովհետեւ լուրջ խնդիրներ ունենք Պաշտպանության նախարարության ղեկավարման որակի հետ: Մենք պետք է հրատապ կարգով ընդգրկենք այդ հարցը օրակարգ, Պաշտպանության նախարարին Շտաբի պետին հրավիրենք, տեսնենք՝ ինչ է կատարվում բանակում, լուրջ հարցեր կան»,-ասել է Բագրատյանը:
ՀԱԿ պատգամավորը մտահոգություն է հայտնել բանակին հատկացված գումարների արդյունավետ օգտագործման կապակցությամբ:
«Շքեղ ջիպերը տասնյակներով դրվում են մարդկանց տակ: Պետք է հրավիրել նրանց, եւ տեսնել՝ նույնիսկ ոչ բավարար գումարներն ինչ արդյունավետությամբ են օգտագործվում»,-նշել է Բագրատյանը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն, ի պատասխան Հրանտ Բագրատյանի առաջարկին, ասել է, որ չկա մի հարց, որին Սեյրան Օհանյանը պատրաստ չէ պատասխանել, պարզապես այս պահին, ըստ նրա, հարկ է նկատի ունենալ այս «նուրբ հարցը» քննարկելու նպատակահարմարությունը: