ԼՂ հիմնախնդիրը չի եղել տարածքային խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձավ հայաստանյան արմատական ընդդիմության այն քննադատող հայտարարություններին,թե Հայաստնի իշխաննությունները համաձայնել են տարածքային ամբողջականության սկզբունքը ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք: Մարտի 24-ի Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս քննադատությունը առավել քան տարօրինակ է։ Վարչապետը մի քանի օրինակներ ներկայացրեց․
«1999 թվականի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովից Երեւան վերադարձած եւ տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան բառացիորեն հայտարարել է, մեջբերում եմ. «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք, եւ մենք եւս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար». մեջբերման ավարտ:
Նրանից հետո՝ Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է ԼՂ հարցի կարգավորման մասին՝ որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով այդ թվում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այնպես որ, այստեղ որեւէ շահարկում տեղին չէ։ Կարծում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի եղել տարածքային խնդիր եւ հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է եւ մենք հետեւողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները, չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները, որովհետեւ, ինչպես Սերժ Սարգսյանը իրավացիորեն նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում, մենք ֆաշիստ չենք»,- ասաց Փաշինյանը։