Մահամերձ Շատունովին տեղափոխած շտապօգնության բժիշկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Երգիչ Յուրի Շատունովին տեղափոխած շտապօգնության բժիշկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին Комсомольская правда-ին տված հարցազրույցում ասել է հանգուցյալ արտիստի ստեղծագործական գծով տնօրեն Արկադի Կուդրյաշովը։
«Շտապօգնություն կանչեցինք (Շատունովն արդեն վատ էր), դիսպետչերն ասաց՝ ինքներդ տարեք, քանի որ շտապօգնության մեքենա չկա, պետք է երկար սպասեք։ Հասցրինք (Շատունովին) մոտակա բուժկետ, որտեղ արդեն ասացին, որ դեպքը լուրջ է, պետք է տեղափոխենք հիվանդանոց, մեզ շտապօգնության բրիգադ ուղարկեցին՝ ինչ-որ հին «Գազել»՝ առանց սարքավորումների: Մինչև հիվանդանոց Յուրային չհասցրինք, նա ճանապարհին մահացավ: Այո, այնտեղ՝ հիվանդանոցում, նրան փորձել են վերակենդանացնել, բայց չի ստացվել: Ներկայում շտապօգնության բժիշկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այդ պատճառով մեզ սկզբում թույլ չտջվեցին Յուրային հուղարկավորել, դին չէին տալիս»,- պատմել է Կուդրյաշովը:
Միևնույն ժամանակ տղամարդը չի մանրամասնել, թե ինչ հոդվածով է գործը հարուցվել:
Շատունովը մահացել է հունիսի 23-ի գիշերը, նա 48 տարեկան էր։ Կուդրյաշովը պատմել է, որ մինչ ինքնազգացողության վատացումն ու հիվանդանոց տեղափոխումը, նա ընկերների հետ խմելիս է եղել։ Դոմոդեդովոյի կենտրոնական շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անդրեյ Օսիպովի խոսքով՝ Շատունովի մահը պայմանավորված է սրտի սուր անբավարարությամբ, որն առաջացել է սրտամկանի զանգվածային ինֆարկտից։ Օսիպովը նշել է, որ Շատունովի սրտամկանի ինֆարկտը մեկ օրվա պատմություն է ունեցել։
«Այսինքն՝ նա մեկ օր քայլել է այս վիճակում, և կտրուկ վատթարացում է եղել»,- նշել է մասնագետը։