Մալաթիայում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` երկու կամ ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
2016 թվականի հուլիսի 20-ին` ժամը 13:50-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1966թ. ծնված Ռ.Կոստանյանը, իսկ ժամը 13:55-ին՝ արյունահոսող վերքերով մի տղամարդու տեղափոխման մասին:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողութունների արդյունքում պարզվել է տղամարդու ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 1972 թ. ծնված Ռ.Ավետիսյանն է և որ նշված երկու անձինք մարմնական վնասվածքներ են ստացել նույն վայրում։
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հուլիսի 20-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ռ.Ավետիսյանը և Ռ.Կոստանյանը վիճաբանել են Երևան քաղաքի Ծ.Իսակովի պողոտայում գտնվող հացատանը:
Վիճաբանության ձայները լսելով՝ ոստիկանության ծառայող Ռ.Եփրեմյանը մուտք է գործել վիճաբանողների սենյակը և նկատել, թե ինչպես է Ռ.Ավետիսյանը կրակում Ռ.Կոստանյանի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք։ Ներկայանալով որպես ոստիկանության ծառայող՝ Ռ.Եփրեմյանը Ռ.Ավետիսյանից պահանջել է վայր դնել զենքը, սակայն վերջինս ատրճանակն ուղղել է Ռ.Կոստանյանի ուղղությամբ և արձակել ևս մեկ կրակոց:
Նախնական քննության տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցը քաղաքացու և իր կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգը կանխելու և Ռ.Ավետիսյանին վնասազերծելու նպատակով իրեն ամրակցված մարտական ատրճանակից կրակոց է արձակել Ռ.Ավետիսյանի աջ ազդրին և նրա ձեռքից վերցրել ատրճանակը։
Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:
Ատրճանակներն առգրավվել են: Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: