Մանկահասակ երեխայի շահագործման գործով անմեղսունակ կինն ազատվեց քրեական պատասխանատվությունից
Մոր կողմից իր 6 ամսական երեխային աշխատանքային շահագործման հանձնելու գործով անմեղսունակ ճանաչված ամբաստանյալ Լուսիկը դատարանի որոշմամբ ազատվեց քրեական պատասխանատվությունից և պատժից:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Լուսիկի նկատմամբ կկիրառվի բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ նա կստանա արտահիվանդանոցային հսկողության հարկադիր բուժում հոգեբույժի մոտ:
Ամբաստանյալին քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը կայացվել է մեղադրող Արմեն Մարուխյանի միջնորդության հիման վրա:
Այսօրվա նիստում մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի Լուսինեն և Լուսիկը 2011 թվականի սեպտեմբերին ծնված Լուսինեի որդուն 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում «դրել և պահել են ստրկությանը հավասարազոր` աշխատանքի վատթարագույն՝ մուրացկանության շահագործման վիճակում»:
Ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչ երեկո, մայրը երեխային հանձնել է Լուսիկին, իսկ վերջինս էլ Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ նրան գրկում պահելով՝ երեխայի առկայության հանգամանքով քաղաքացիների խղճահարությունը հարուցելով, զբաղվել է մուրացկանությամբ: Լուսինեն ու Լուսիկն օրական վաստակած 4.000-ից 6.000 ՀՀ դրամ գումարներն ուղղել են իրենց առօրյա կարիքները հոգալուն:
Երեխայի մորը և Լուսիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխայի թրաֆիքինգը կամ շահագործումը: Գործով երկու ամբաստանյալներն էլ նախաքննության ընթացքում կատարված փորձաքննության համաձայն, ճանաչվել էին սահմանափակ մեղսունակ, սակայն դատաքննության ընթացքում դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ ճանաչվել են անմեղսունակ: