Մանրամասներ ոստիկանների պատճառով ցնցումների մեջ հայտնված երեխայի առողջական վիճակից (տեսանյութ)
Երեկ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը տեսանյութեր էր հրապարակել, որտեղ երեւում էր, թե ինչպես են ոստիկանները, ուժ գործադրելով, բերման ենթարկում քաղաքացուն: Տեսանյութից նաև երևում է, որ այդ տեսարանին ականատես են եղել նաև բերման ենթարկվող քաղաքացու 3 անչափահաս երեխաները:
Ըստ Armlur.am-ի տեղեկությունների՝ քիչ առաջ ցնցումների մեջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխել 3 տարեկան տղա երեխայի: Նրանց հայտնի է դարձել, որ երեխան ցնցման մեջ է ընկել երեկ ոստիկանների կողմից Քեսաբի 6 հասցեում իր հայրիկին՝ Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո:
Երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակի Գևորգ Դերձյանի հետ, որն ասաց՝ երեխային այսօր են տեղափոխել հիվանդանոց շտապօգնության մեքենայով.
«5 տարեկան տղա երեխա է եկել, իրեն վատ է զգացել, սրտխառնոց է ունեցել: Մեզ մոտ ստացել է առաջին բուժօգնությունը, դեղեր են նշանակել և դուրս է գրվել»,- նշեց խոսնակը:
Հետաքրքրվեցինք, թե որն է եղել երեխայի վատ ինքնազգացողության պատճառը, Գևորգ Դերձյանն ասաց, որ իրենք պատճառներից տեղյակ չեն:
Կապ հաստատեցինք նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն, որտեղից մեզ հայտնեցին, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ հրապարակման հիման վրա, նշանակվել է ծառայողական քննություն:
Զվարթ Պետրոսյան